Untitled Document
 
Մեր մասին  
Օրենսդրություն  
Ծառայություններ  
Սակագներ  
Փոստային հաշվիչ  
Արգելված իրեր  
Նորություններ  
Բացիկներ  
Հղումներ  
Հետադարձ կապ  
 
Untitled Document
Փոստային կապի մասին ԼՂՀ օրենքը
«Արցախփոստ» ՓԲԸ-ի կանոնոդրությունը
Լիազորությունների մասին որոշումը
Գործառույթների տեսակների ցանկը
Untitled Document
Նամականիշերի
ցանկ
            
Փոստային
գրասենյակներ
 
Փոստային
ինդեքսներ
  
Դրամական
փոխանցումներ
Artsakhpost
 
 

Հեռ.
     (+37447) 94-37-41  
     
E-mail:
artsakhpost.pby@mail.ru
  Օրենսդրություն 
Untitled Document
Russian English
 
Փոստային կապի մասին ԼՂՀ օրենքը
Print Version


ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1: ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում  փոստային կապի բնագավառում գործունեության իրականացման իրավական հիմքերը, փոստային կապի գործունեության կարգավորմանն ուղղված պետական կառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև փոստային կապի  գործունեությանը մասնակցող կամ փոստային կապի ծառայություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները:

Պետական սուրհանդակային կապի բնագավառի հարաբերությունները սույն օրենքով չեն կարգավորվում:

Հոդված 2. Փոստային կապի բնագավառում հարաբերությունների իրավական կարգավորումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոստային կապի բնագավառում հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական այլ ակտերով:

Եթե միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

փոստային կապ` փոստային առաքանու, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը ապահովող կապի տեսակ, որն իրենից ներկայացնում է տեխնիկական և տրանսպորտային միջոցների միասնական արտադրատեխնոլոգիական համալիր.

փոստային առաքանի` հասցեագրված նամակագրական թղթակցություն, փոստային ծանրոցներ ու բեռնարկղեր, համապատասխան փաթեթավորումով տպագիր հրատարակություններ.

փոստային առաքում` փոստային առաքանու ընդունում, մշակում, փոխադրում և հանձնում հասցեատիրոջը.
միջազգային փոստային կապ` տարբեր պետությունների իրավասության ներքո գտնվող փոստային կապի օպերատորների միջեւ փոստային առաքանու փոխանակում.

նամակագրական թղթակցություն` հասարակ և գրանցվող նամակներ, փոստային բացիկներ, սեկոգրամներ, փաթեթներ և փոքր փաթեթներ.

գնահատված փոստային առաքանի` փոստային առաքանի, որն ընդունվում է ուղարկողի կողմից ներդրվածքի արժեքի գնահատմամբ, ուղարկողին անդորրագրի հանձնումով, և հասցեատիրոջը հանձնվում է ստորագրությամբ.

սեկոգրամ` բացառապես կույրերի համար նախատեսված փոստային առաքանի, որը հանձնվում է բաց տեսքով, սեկոգրաֆիայի եղանակով գրված նամակագրական հաղորդակցություններով և հրատարակություններով, սեկոգրաֆիայի նշաններով կլիշեներով, ձայնագրություններով, տիֆլոտեխնիկական միջոցներով.

փոքր փաթեթ` ապրանքների նմուշներով և ոչ ծավալուն առարկաներով միջազգային պատվիրված փոստային առաքանի.

դրամական միջոցների փոստային փոխադրություններ` փոստային կապի օպերատորի կողմից մատուցվող ծառայություն դրամական միջոցների, ինչպես նաև գանձված կոմունալ վարձերի և այլ տեսակի գումարների ընդունման, մշակման, փոխադրության և քարտերի հանձնման գծով, որոնք ոչ բանկային գործարքներ են, սակայն հավասարեցվում են դրամական (փողային) փոխանցումներին` փոստային կապի և հեռահաղորդակցության ցանցերի օգտագործմամբ:

Դրամական միջոցների փոստային փոխադրություններն իրականացվում են սույն օրենքով փոստային կապի ծառայությունների համար սահմանված կանոններով, եթե դրամական (փողային) փոխանցումները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով այլ կանոններ սահմանված չեն.

տպագիր հրատարակությունների տարածում` տպագիր հրատարակությունների բաժանորդագրություն և առաքում բաժանորդներին.

փոստային կապի ծառայություններ` գործողություն կամ գործունեություն փոստային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման և պարբերականների բաժանորդագրության գծով.

փոստային կապի ունիվերսալ ծառայություններ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում փոստային կապի ծառայություններ` նամակագրական թղթակցության, մինչև 20 կիլոգրամ քաշով ծանրոցների և գյուղական բնակավայրերում պարբերականների առաքման գծով, ինչպես նաև ՙՓաստաթղթերի հատուկ առաքման մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված փաստաթղթերի հատուկ առաքում.

փոստային կապի ծառայություններից օգտվող` ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման կամ պետական կառավարման մարմիններ, որոնք օգտվում են փոստային կապի ծառայություններից.
փոստային կապի ծառայությունների մատուցման ժամկետ` փոստային  կապի  որոշակի ծառայությունների ժամկետներից և նորմատիվներից 

բաղկացած ամբողջություն՝ սահմանված առանձին տեխնոլոգիական գործողությունների  կատարման համար.
հսկիչ ժամկետներ` փոստային առաքանու և դրամական միջոցների  փոստային  փոխադրությունների` փոստային կապի ընդունման վայրից մինչև փոստային կապի օբյեկտի հանձնման վայրը առաքման, ինչպես  նաև  փոստային  կապի  օբյեկտներում  դրանց վերամշակման առանձին  գործառնությունների համար սահմանված ժամանակ.

փոստային կապի ծառայությունների սակագին` փոստային կապի ծառայությունների վճարման սահմանված չափ.
փոստային կապի օպերատոր` փոստային կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր գործունեությունն իրականացնում է տրված լիցենզիայի համաձայն.

փոստային կապի ազգային օպերատոր` փոստային կապի օպերատոր, որը մատուցում է փոստային կապի ունիվերսալ ծառայություններ և կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոստի խորհրդանիշը.

փոստային կապի օբյեկտներ` փոստային կապի օպերատորի առանձնացված ստորաբաժանումներ` փոստի տեսակավորման և փոխադրման կենտրոն, օդակայաններին կամ երկաթուղային կայարաններին կից փոստի փոխադրման բաժանմունքներ, փոստափոխանակման կետեր, փոստային բաժանմունքներ, փոստային շարժական կետեր և այլն.

փոստային կապի երթուղի` փոստային կապի օբյեկտների միջև փոստային տրանսպորտի երթուղի.

փոստային կապի ցանց` փոստային կապի օբյեկտների և փոստային երթուղիների ամբողջություն.

փոստային կապի միջոցներ` փոստային կապի ծառայություններ մատուցելու համար օգտագործվող շենքեր, շինություններ, ոչ բնակելի տարածքներ, սարքավորումներ և փոստային տրանսպորտ, փոստային ծրարներ, բացիկներ և փոստային տարա.

փոստային վճարման պետական նշաններ (նիշեր)` փոստային նամականիշեր կամ այլ նիշեր, որոնք դրվում են փոստային  առաքանիների վրա և հաստատում են փոստային կապի ծառայությունների վճարումը.

ֆրանկոմեքենա և նիշավորող մեքենա` նամակագրական թղթակցության վրա փոստային կապի ծառայությունների վճարումը, տվյալ թղթակցության ընդունման ամսաթվերը և այլ տեղեկատվություն հաստատող փոստային վճարման պետական նշաններ դրոշմելու համար նախատեսված մեքենաներ.

փոստային դասիչ` փոստային կապի օբյեկտին տրվող փոստային հասցեի պայմանական թվային նիշավորում, որը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում և պարտադիր է փոստային կապի օպերատորների համար.

անվանական իր` սարք (դրոշմ), որը նախատեսված է փաստաթղթերի և  փոստային առաքանիների դրոշմվածքների համար` նշելով փոստային կապի օբյեկտի անվանումը, փոստային առաքանու ընդունման և հանձնման ամսաթիվը և այլ տեղեկատվություն.

փոստարկղ` հասարակ նամակների և փոստային բացիկների հավաքման համար նախատեսված հատուկ փակվող արկղ.

հասցեատեր` ֆիզիկական անձ կամ կազմակերպություն, որին հասցեագրված են փոստային առաքանի, դրամական միջոցների փոստային փոխադրություններ, հեռագրային կամ այլ հաղորդագրություններ.

փոստային  բաժանորդային  արկղ` հասցեատերերի  կողմից  փոստային  առաքանի  ստանալու  համար նախատեսված  հատուկ  փակվող  արկղ.

փոստային բաժանորդային պահարան` հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար բնակելի շենքերում, ինչպես նաև հանձնման տեղամասերում տեղադրվող փակվող խցիկներով հատուկ պահարան.

փոստային անվանական պահարան` հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար որոշակի ժամկետով տրամադրվող` փոստային կապի օբյեկտներում տեղադրվող փակվող խցիկներով  հատուկ պահարան.

հենակետային փոստարկղ` փոստային առաքանին ժամանակավորապես պահելու կամ հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար հանձնման կետերում նախատեսվող հատուկ փակվող պահարան:

Հոդված 4. Փոստային կապի բնագավառում գործունեության սկզբունքները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոստային կապի բնագավառում  գործունեության սկզբունքներն են՝

ա) փոստային կապի հաղորդակցության ազատության և գաղտնիության ապահովումը.
բ) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար փոստային կապի ունիվերսալ ծառայություններից օգտվելու մատչելիությունը.
գ) փոստային առաքանիների տարանցման ազատությունը.
դ) փոստային կապի ծառայություններից օգտվողների իրավունքների հավասարությունը.
ե) փոստային կապի կառավարելիության և հուսալիության ապահովումը:

Հոդված 5. Փոստային կապի ծառայություններից օգտվողի իրավունքները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոստային կապի ծառայություններից օգտվողներն ունեն փոստային կապի ծառայություններից օգտվելու հավասար իրավունքներ:

Փոստային կապի ծառայություններից օգտվողն իրավունք ունի ստանալու մատչելի տեղեկատվություն մատուցվող փոստային կապի ծառայությունների, փոստային կապի ծառայությունների սակագների, փոստային առաքանիների առաքման հսկիչ ժամկետների, առաքման համար արգելված առարկաների և նյութերի, փոստային կապի ծառայությունների մատուցման լիցենզիայի գործողության ժամկետի վերաբերյալ:

Փոստային կապի ծառայություններից օգտվողն իրավունք ունի ցպահանջ կամ փոստային բաժանորդային պահարանի օգտագործմամբ իր հասցեով ստանալու փոստային առաքանիները և դրամական միջոցների փոստային փոխադրությունների ծանուցումները: Հասցեատերն իրավունք ունի հրաժարվելու իր հասցեով ստացված փոստային առաքանիներից կամ փոստային դրամական միջոցների փոստային փոխադրություններից:

Փոստային կապի ծառայություններից օգտվողներն ինքնուրույն են որոշում  գնահատված փոստային առաքանու ներդրվածքի արժեքը, որը պետք է  համապատասխանի ներդրվածքի իրական արժեքին, իրենց հայտարարագրով ընտրում են փաթեթավորման տեսակը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Հոդված  6. Փոստային կապի օպերատորի և ազգային օպերատորի  պարտականությունները
Փոստային կապի օպերատորը և ազգային օպերատորը պարտավոր են`

ա) ունենալ անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներ` փոստային կապի ծառայություններից օգտվողի  համար.

բ) ապահովել հսկիչ ժամկետներում նամակագրական  թղթակցության  առաքումը  փոստային կապի ծառայություններից օգտվողներին.

գ) ապահովել  փոստային կապի ծառայություններից օգտվողներից ընդունված փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների պահպանությունը.

դ)  ապահովել  փոստային  կապի  գործունեությունը  կանոնակարգող  նորմատիվ  փաստաթղթերով սահմանված ստանդարտներին համապատասխան` փոստային  կապի ծառայությունների որակը, ինչպես նաև դրա համապատասխանությունը  պայմանագրի  պայմաններին  և  տվյալ  ծառայությունների  մատուցման  պայմանների  վերաբերյալ  տեղեկատվությանը.

ե) ապահովել  փոստային կապի  գաղտնիության  պահպանումը.
զ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով աջակցել իրավապահ  մարմիններին օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման և դատավարական  գործողությունների  կատարման  ժամանակ.
է) ապահովել մատչելի տեղեկատվություն փոստային կապի ծառայությունների սակագների,  փոստային    առաքանու  առաքման  ժամկետների, աշխատանքի ռեժիմի վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ այլ  տեղեկություններ, որ մատչելի  է դարձնում փոստային կապի ծառայությունների  մատուցումը:

Փոստային կապի ազգային օպերատորը պարտավոր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում ապահովել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցումը:

Հոդված 6_1. Փոստային կապի ազգային օպերատորի գործունեությունը
Փոստային կապի ազգային օպերատորը՝ որպես վճարահաշվարկային կազմակերպություն, կարող է իրականացնել առևտրային և ցանկացած այլ գործունեություն, որի ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 7.  Փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների պահպանությունը
Փոստային կապի օպերատորների միջև փոստային առաքանիների և դրամական միջոցների ընդունումը և հանձնումն իրականացվում են՝ ապահովելով հանձնվող և ընդունվող փոստային առաքանիների և դրամական միջոցների ճշգրիտ հաշիվը՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Թերություններով (ուղեկից փաստաթղթերում նշված քաշից տարբերություն,  փաթեթավորման, կնիքների, կապերի և այլ թերություններ) փոստային առաքանու  հայտնաբերման դեպքում փոստային կապի օպերատորը  պարտավոր է ձևակերպել և  այդպիսի փոստային առաքանին հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փոստային կապի ազգային օպերատորն օրենքով սահմանված կարգով իրավասու է ունենալու քաղաքացիական և ծառայողական զենք, որն անհրաժեշտ է պահպանելու համար փոստային առաքանին և դրամական միջոցները, ինչպես նաև փոստային կապի օբյեկտները:

Շինությունները, որտեղ իրականացվում են փոստային առաքանու մշակումը և դրամական միջոցների պահպանումը, պետք է կահավորված լինեն պաշտպանական և հակահրդեհային միջոցներով:

Ինքնաթիռները, փոստային վագոնները, ավտոմեքենաները և տրանսպորտային այլ միջոցներ, որոնք փոխադրում են փոստային առաքանի ու դրամական միջոցներ, պետք է սարքավորված լինեն այնպես, որ բացառվի համապատասխան տարածքներ կողմնակի անձանց մուտքի հնարավորությունը:

Փոստային կապի օպերատորն իրավասու է ունենալու փոստային անվտանգության ստորաբաժանումներ և պաշտպանության միջոցներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 8. Փոստային կապի ծառայությունների հատուկ պայմանները
Փոստային առաքանին կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունները, որոնք հնարավոր չէ տեղ հասցնել (հանձնել) փոստային ծառայություններից օգտվողների հասցեի անճշտության կամ դրա անհրաժեշտ տվյալների բացակայության, հասցեատիրոջ` այլ բնակավայր մեկնելու կամ ուրիշ հանգամանքների պատճառով, որոնք բացառում են փոստային կապի ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված` փոստային կապի օպերատորի կողմից իր պարտականությունների կատարումը, ողջամիտ ժամկետներում վերադարձվում են ուղարկողին: Վերադարձվող փոստային առաքանին կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունները ուղարկողի կողմից ստանալու մերժման դեպքում դրանք հանձնվում են փոստային կապի օպերատորին ժամանակավոր պահպանման` որպես չպահանջված փոստային առաքանի և դրամական միջոցների փոստային փոխադրություններ:

Չպահանջված փոստային առաքանիների և չպահանջված դրամական միջոցների ժամանակավոր պահումը վեց ամսվա ընթացքում իրականացնում է փոստային կապի օպերատորը:

Պահման սահմանված ժամկետի ընթացքում դրամական միջոցները կարող են հանձնվել հասցեատիրոջը կամ ուղարկողին նրանց դիմումի հիման վրա` փոստային կապի օպերատորի թույլտվությամբ:

Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետի ավարտից հետո չպահանջված նամակագրական հաղորդակցությունը ենթակա է առգրավման և ոչնչացման: Չպահանջված փոստային առաքանիների մյուս ներդրվածքները` որպես տիրազուրկ գույք, դառնում են փոստային կապի օպերատորի սեփականությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Եթե չպահանջված փոստային առաքանու ներդրվածքի արժեքը կամ չպահանջված դրամական միջոցների գումարը պակաս է նվազագույն աշխատավարձի հնգապատիկից, ապա փոստային առաքանու ներդրվածքը և դրամական միջոցները ակտով հանձնվում են փոստային կապի օպերատորի հաշվեկշռին: Եթե չպահանջված փոստային առաքանու ներդրվածքի արժեքը կամ չպահանջված դրամական միջոցների գումարը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, ապա  փոստային առաքանու ներդրվածքը և դրամական միջոցները դատարանի որոշման հիման վրա հանձնվում են փոստային կապի օպերատորի հաշվեկշռին` ըստ փոստային կապի օպերատորի հայցի:

Եթե փոստային կապի ծառայություններից օգտվողի հասցեի անհրաժեշտ տվյալների բացակայության պատճառով տեղ չհասցված (չհանձնված) փոստային  առաքանին կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունները հնարավոր չէ վերադարձնել ուղարկողին, ապա դրանք հանձնվում են ժամանակավոր պահպանման. փոստային առաքանին` որպես չհանձնված փոստային առաքանի, իսկ դրամական միջոցների փոստային փոխադրությունները` որպես չպահանջված դրամական միջոցների փոստային փոխադրություններ:

Փոստային կապի ծառայություններից օգտվողի հասցեի տվյալները ճշտելու կամ հասցեատիրոջը հանձնելու կամ ուղարկողին վերադարձնելու համար այլ տվյալներ ստանալու նպատակով չհանձնված փոստային առաքանիները ենթակա են բացման: Չհանձնված փոստային առաքանիների բացումը կատարվում է դատարանի որոշման հիման վրա:

Չհանձնված փոստային առաքանին բացելիս պետք է պահպանել անվտանգության անհրաժեշտ միջոցները: Եթե փոստային կապի օպերատորը նախնական հետազոտմամբ պարզել է, որ չհանձնված փոստային առաքանու ներդրվածքը պարունակում է առարկաներ կամ նյութեր, որոնք չհանձնված փոստային առաքանին բացելիս կարող են վնաս հասցնել մարդկանց կյանքին և առողջությանը, ապա փոստային տվյալ առաքանին կարող է սույն օրենքով սահմանված կարգով առգրավվել և ոչնչացվել առանց բացելու:

Չհանձնված փոստային առաքանիները  բացվում  են  դատարանի վճռի  հիման  վրա`  հասցեատիրոջը հանձնելու կամ ուղարկողին վերադարձնելու համար  անհրաժեշտ  այլ  տվյալներ  պարզելու  նպատակով:

Փոստային կապի օպերատորը պարտավոր է չհանձնված փոստային  առաքանիների ժամանակավոր պահման  համար, բայց եռամսյակը մեկ անգամից ոչ  պակաս, դիմել դատարան` փոստային առաքանիները բացելու թույլտվություն  ստանալու  նպատակով:

Չհանձնված փոստային առաքանիները բացելու վերաբերյալ նյութերի  քննարկումը հնգօրյա ժամկետում իրականացնում է փոստային առաքանիների  ժամանակավոր  պահումն իրականացնող փոստային կապի օբյեկտի գտնվելու վայրի դատարանը:

Չհանձնված  փոստային  առաքանիների  բացումը, նախնական հետազոտումը և ոչնչացումը կատարում է փոստային կապի օպերատորի ղեկավարի կամ տեղակալի կազմած հանձնաժողովը, որի ձևավորման կարգը, ինչպես նաև աշխատակարգը սահմանում է փոստային կապի օպերատորի ղեկավարը: Չհանձնված փոստային ծանրոցների, գնահատված նամակների և գնահատված փաթեթների բացման դեպքում փոստային կապի օպերատորի կազմած հանձնաժողովների կազմում ընդգրկվում են նաև ոստիկանության կամ ազգային անվտանգության  ծառայության  մարմինների  ներկայացուցիչներ:

Չհանձնված փոստային առաքանին բացելու, առգրավելու կամ ոչնչացնելու  վերաբերյալ նշված հանձնաժողովը կազմում  է  ակտ:

Եթե չհանձնված փոստային առաքանին բացելիս հաջողվել է պարզել փոստային կապի ծառայությունից օգտվողի հասցեի տվյալները, ապա փոստային կապի օպերատորը փոստային առաքանին առաքում է հասցեատիրոջը կամ վերադարձնում  ուղարկողին: Եթե չհանձնված փոստային առաքանին բացելիս չի հաջողվել պարզել փոստային կապի ծառայությունից օգտվողի հասցեի տվյալները, ապա այդպիսի փոստային առաքանին դասվում է չպահանջվածների թվին:

Չհանձնված  փոստային  առաքանին  սահմանված  հասցեով  առաքելու  կամ  վերադարձնելու  համար  փոստային կապի ծառայությունից օգտվողից գանձվում  է  գումար,  որի  չափը  որոշվում  է  վերադարձի  օրը  գործող  սակագներով:

Չհանձնված միջազգային  փոստային  առաքանին պահման  ժամկետի  լրանալու դեպքում ուղարկվում է միջազգային փոստափոխանակման վայր, որտեղից այն  ստացվել  է:

Հասցեատիրոջը չգտնելու կամ նրա մահվան, ստանալուց հրաժարվելու և այլ պատճառներով վերադարձված փոստային առաքանին ուղարկվում է օրենքով սահմանված կարգով:


Էլեկտրոնային լրիվ տարբերակը
Download
18.5 KB

                                                                                                                                                                                                                                 
Untitled Document
Artsakhpost © 2009-2023 All rights reserved
Untitled Document